Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«ԱրմենՏելն» ազատվում է լավագույն մասնագետներից

«ԱրմենՏելն» ազատվում է  լավագույն մասնագետներից
11.04.2014 | 12:38

Զարմանալի փաստ. Հայաստանում ծնելության խթանման համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում և խրախուսվում, սակայն «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ղեկավարության վարած քաղաքականությունը միանգամայն հակառակն է թելադրում:
Ի զարմանս ինձ, իմ նկատմամբ անարդարացի որոշում կայացվեց` նկատողության տեսքով, այն ժամանակ, երբ ես գտնվում էի նախա/հետծննդյան արձակուրդում: Պատճառն այն էր, որ ես անարդարացի համարեցի ղեկավարության վարած կադրային քաղաքականությունը, որը հիմնված էր ծանոթ-խնամի-բարեկամական հարաբերությունների վրա: Իմ տեսակետը արտահայտեցի բաց նամակի տեսքով` ուղղված ղեկավարությանը, և ներկայացված տասնյակ փաստերից միայն մեկի հետքերով ծառայողական քննություն սկսվեց, ինչի արդյունքում էլ հայտարարվեց նկատողություն, որն էլ պատճառ դարձավ իմ վաղաժամ ծննդաբերության:
Հետծննդյան արձակուրդի ավարտից անմիջապես հետո` 01.03.2014 թ. ներկայացել եմ աշխատանքի:
Քանի որ իմ հարգելի բացակայության ընթացքում տեղի էր ունեցել կառուցվածքային փոփոխություն, ես 01.03.2014-ին նշանակվեցի վերլուծության և վաճառքի աջակցման բաժնի պետի պաշտոնում: 31.03.2014-ին կադրերի բաժնի կողմից տեղեկացվում եմ, որ 04.03.2014-ին տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում` իմ հաստիքը կրճատելու վերաբերյալ, և 31.03.2014-ից ինձ համարում են հարկադիր պարապուրդում` մինչև դեկտեմբեր ամիսը, այսինքն՝ երեխայի մեկ տարին լրանալը: Ամբողջ խնդիրն առաջացել է մի պարզ պատճառով, որ հրաժարվել եմ կատարել ներկայիս կոմերցիոն տնօրենի ժ/պ Վիկտորյա Նովիչկովայի չհիմնավորված պահանջները։ Բաժնի պաշտոնական պարտականությունների մեջ են մտնում կոմերցիոն տնօրենությանը վերաբերող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը, որը մշտապես, մինչև Վիկտորյա Նովիչկովայի ի հայտ գալը, ապահովվել է մասնագիտական բարձր մակարդակով: Իմ կողմից բազմիցս` նամակների տեսքով, Վ. Նովիչկովան տեղեկացվել է իր կողմից բիզնես-գործընթացների ոչ գրագետ կառուցման, ինչպես նաև հաշվարկների սխալ և խեղված ֆորմատով ներկայացման մասին, սակայն բոլոր նամակներս մնացել են անպատասխան: Վ. Նովիչկովան, այլ տարբերակ չունենալով՝ գտավ այս ելքը. ինձ հեռացնել իր ճանապարհից` կառուցվածքային փոփոխության անվան տակ: Կադրային քաղաքականությունն էլ կրկին ու հերթական անգամ կատարեց իր սխալը, որն է.
l Նախօրոք տեղեկացված չեմ եղել կառուցվածքային փոփոխությանը, ինչի արդյունքում կրճատվել է իմ հաստիքը։
l Ինձ այլ աշխատանքի փոխադրվելու հնարավորություն չի տրվել, չնայած այն հանգամանքին, որ թափուր աշխատատեղեր` իմ պաշտոնական դիրքին համապատասխան, առկա են:
Տպավորությունն այն է, որ Վ. Նովիչկովան ամեն ինչի պատրաստ է` լավագույն մասնագետներից ազատվելու և ընկերությունն անդունդ գլորելու համար: Կազմակերպությունում կատարվող հաճախադեպ կրճատումները շաղկապում են կազմակերպության ներկայիս ֆինանսական վիճակի հետ, սակայն լռում են այն մասին, որ հենց Վ. Նովիչկովային նշանակել են աշխատավարձ` մի քանի միլիոն դրամ, ամսվա կտրվածքով 2 անգամ Մոսկվա մեկնելու և վերադարձի օդանավի ծախսերը փակվում են կազմակերպության հաշվին, և նա բնակվում է Երևան քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում` Հյուսիսային պողոտայում:
Այս ծախսերն արդարացված չեն, քանի որ նա ապահովում է ընդամենը կրպակի վաճառողի մակարդակ։
Իմ հաստիքը կրճատելով ոչինչ չի փոխվելու, չեն փոխվելու վաճառքի ցուցանիշները, քանի որ ես և իմ մի քանի տասնյակ գործընկերները դիմել ենք Ամստերդամում գտնվող մեր վերադաս գործընկերներին և պահանջել անկախ աուդիտ` ստեղծված իրավիճակը քննելու ու վաճառքի իրական պատկերը տեսնելու համար:


Հասմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի
վաճառքի որակի վերահսկողության բաժնի պետ

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ